Իրականացվում է էներգաարդյունավետության փորձնական ծրագիր
Շենքերի էներգախնայողություն. Մարտահրավերներ եւ հնարավորություններ խորագրով, դեկտեմբերի 9-ին կայացած համաժողովում կարեւորվել են էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ծրագրերը, դրանց լայն կիրառելիությունը եւ բնակչության իրազեկվածությունը: Համաժողովը կազմակերպվել էր Սեւծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների էներգախնայողության պլանի մշակման ծրագրի շրջանակներում:
Բնագավառում էներգախնայողությանը եւ էներգաարդյունավետությանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, շենքերի էներգախնայողության ու էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակումը, ինչպես նաեւ շինարարությունում էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը` ՀՀ քաղաքաշինության նախարարության գործառույթներից են: Նախարարությունն առաջարկել է ՀՀ կառավարության գործունեության 2014 թվականի միջոցառումների ծրագրի նախագծում ներառել <Պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում էներգախնայողության եւ էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների կիրառման մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
2010 թվականից ՀՀ քաղաքաշինության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների համակարգման ներքո Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվում է «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում բարելավվել է նորմատիվատեխնիկական դաշտը, կազմվել է ջերմամեկուսիչ շինարարական նյութերի տվյալների շտեմարան, մշակվել` բազմակի օգտագործման էներգաարդյունավետ անհատական բնակելի տների նախագծերի կատալոգ, մշակվել` շենքերի պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների խորհրդատվական ձեռնարկը:
Տեղեկացնենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ նախարարության կողմից իրականացվում է «Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման ուսումնասիրություն» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվել ու մշակվել է բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարելավման խոչընդոտների գնահատման արդյունքներն ու դրանց հաղթահարման առաջարկների ռազմավարական հաշվետվությունը: