Այսօր հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է
Հին տոմարով մարտի 4-ը հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է: Պատմության քառուղիներում հայ նոր ճարտարապետության հիմնադրի թողած հետագիծը բարձրագույն գնահատականի է արժանի:
Երևանի դիմագծի և խորհրդանիշ դարձած կառույցների համար մենք պարտական ենք Ալեքսանդր Թամանյանին: Նրա ձեռքով մշակվեց Հայաստանի մայրաքաղաքի գլխավոր հատակագիծը. Երևանն ունեցավ անձնագիր: Ամբողջովին փոխելով քաղաքի հին կառուցվածքը՝ հանճարեղ ճարտարապետը հնարավորություն ստեղծեց իրագործելու քաղաքաշինության ժամանակակից հորինվածքներ, ձևավորելու նորաոճ, հարմարավետ քաղաք: Ինչպես նկատում է Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, Ալեքսանդր Թամանյանը բերեց «քաղաք-պարտեզ» գաղափարի նոր մոտեցում. «Նեոկլասիցիզմի հիման վրա նա ձևավորեց և զարգացրեց ինքնատիպ ոճ, որը կոչվեց նոր հայկական ճարտարապետական ոճ»:
Նրա նախագծերում նորարարությունը համատեղված է պատմականության հետ: Նա նոր բովանդակություն է հաղորդել հայկական ճարտարապետությանը: Սակայն ինչպես Մարկ Գրիգորյանն է նկատում, նրա գործունեությունը միշտ եղել է պայքար ինքնատիպ ոճի, ձեռագրի, գաղափարների համար. «Թամանյանն իր կյանքի օրոք երբեք չի եղել անհերքելի հեղինակություն: Բայց ավելի քան 100 տարի հետո մենք տեսնում ենք, որ նրա մոտեցումներն արդարացված էին: Արդյունքում ունեցանք գեղեցիկ քաղաք՝ ոճերի բազմազանությամբ»:
Ալեքսանդր Թամանյանի թողած ճարտարապետական ժառանգությունը մարմնացումն է բացառիկ ստեղծագործական տաղանդի, գեղագիտության և խորը տեսլականի: Իր ստեղծած ճարտարապետական անգնահատելի նմուշներով նա հայ նոր ճարտարապետության «Թամանյանական» հիմքն է դրել:
Պատմությունն ու ժամանակը պահպանել են հայ ճարտարապետության հազարավոր կանգուն թե կիսավեր կոթողներ, բայց, դժբախտաբար, ճարտարապետներից` միայն մի քանիսի անունները՝ Մանվել, Տրդատ, Մոմիկ, Գալձակ, Մինաս: Մեր իրականությունը այդ ցուցակը համալրեց Ալեքսանդր Թամանյանի պայծառ անվամբ: