Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մարզերում դիտարկել է քաղաքաշինական ծրագրերի ընթացքը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն աշխատանքային այցերով եղել է Տավուշի և Սյունիքի մարզերում։ Կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ այցելել է Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ ծանոթացել է «Մայրիկ» պուրակի շինարարական աշխատանքների ընթացքին: Կատարված աշխատանքները, ընդհանուր առմամբ, գնահատվել են դրական: Միաժամանակ որոշ դիտողություններ են արվել՝ շինարարության գործընթացում լրացումներ կատարելու վերաբերյալ: Շեշտադրվել է, որ պետք է նախաձեռնել և ավարտին հասցնել պուրակի կանաչապատման, խաղային ատրակցիոնների ձեռքբերման, տեղադրման և ցանկապատման աշխատանքները:
Ծրագրի դիտարկմանը մասնակցել են նաև մարզպետարանի քաղաքաշինության վարչության, կապալառու կազմակերպության ներկայացուցիչները և «Փարոս» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավարը, ով պատրաստակամություն է հայտնել աջակցելու կատարվելիք աշխատանքների իրագործմանը:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Տավուշի մարզպետի հետ միասին քննարկել են նաև Չինարի գյուղի ռմբակոծված բնակելի տան և անասնագոմի շինարարության ընթացքը: Հաշվի առնելով տան սեփականատիրոջ՝ անասնագոմը նոր տարածքում կառուցելու խնդրանքը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել անասնագոմը նոր հատված տեղափոխելուց հետո ավարտին հասցնել տան շրջակայքի բարեկարգման աշխատանքները:
Սահմանամերձ բնակավայրերի վերականգնման ծրագրերի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կոմիտեի մասնագետների ուղեկցությամբ այցելել է նաև Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի Շուռնուխ բնակավայր՝ ծանոթանալու պետական միջոցներով կառուցվող բնակելի նոր թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին։ Բնակելի 13 տուն, ինժեներական ենթակառուցվածքներ և շուրջ 1 կմ ճանապարհային ցանց ներառող թաղամասում ընթանում են տների տանիքների, արտաքին պատերի կառուցման և երեսպատման աշխատանքներ։ Մի քանի տներում մեկնարկել են նաև ներքին հարդարման աշխատանքները։
Շրջայցի ժամանակ դիտարկվել են կոմիտեի պատվիրատվությամբ 2021թ.-ից իրականացվող շինարարական ծրագրի ընթացիկ արդյունքները։ Նախատեսվում է բնակելի 13 տների շինարարությունն ավարտել այս տարվա հունիսին, իսկ ամբողջ թաղամասի կառուցումը՝ նոյեմբերին։
Տեղում հետևելով շինարարական աշխատանքներին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը կապալառու կազմակերպությանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ մասնագիտական խումբը համալրելով անհրաժեշտ աշխատուժով՝ շինարարական աշխատանքների ընթացքն արագացնելու և ծրագիրը սահմանված ժամկետում ու պատշաճ որակով ավարտին հասցնելու նպատակով։
Պատերազմից հետո Շուռնուխ գյուղի 13 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարության բյուջետային հատկացումերի շրջանակում կառուցվող թաղամասի բնակելի յուրաքանչյուր տան մակերեսը շուրջ 170 ք.մ. է։ Յուրաքանչյուր ընտանիքի համար առաձնացված է մոտ 1200 ք.մ. տնամերձ հողամաս, որտեղ կառուցվելու է նաև անասնագոմ։ Թաղամասի կառուցապատման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձված ենթակառուցվածքների ապահովվածության և բարեկարգման, ինչպես նաև բնական լանդշաֆտի պահպանման և տարածաշրջանին հատուկ քաղաքաշինական ուրույն միջավայրի ստեղծման հարցերին։