Ես եմ Ձմեռ պապիկի դերը ստանձնել ու ցանկությունների կատարումն էլ իմ վրա է. news.am
Նախարար եք նշանակվել հունիսից: Ինչպե՞ս եք գնահատում ձեր եւ ձեր ղեկավարած կառույցի աշխատանքը 2012թ:
Կարծում եմ կհամաձայնեք, որ իմ աշխատանքի գնահատականը ես չէ, որ պետք է տամ, դա պետք է երեւա ոլորտում կատարված տեղաշարժերից, որի ազդեցությունը գուցե թե հասարակությունն անմիջապես չի զգում, բայց վստահ եմ` այն երկար սպասեցնել չի տա: Քաղաքաշինության նախարարության անցնող տարվա գործունեությունից ես առաջին հերթին իհարկե կառանձնացնեի աղետի գոտում բնակապահովման ծրագիրը: Դուք գիտեք որ, լինելով հանրապետության նախագահի նախընտրական խոստում, դեռեւս 2008 թվականին սկիզբ առավ աղետի գոտում անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագիրը, որի երկրորդ փուլը իրականացվեց 2012 թվականին: Դրանով իսկ ավարտին մոտեցնելով բնակապահովման այդ լայնամասշտաբ ծրագրի իրականացումը: Հոկտեմբերին Գյումրիում շահագործման հանձնվեցին 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենքով` «Մուշ 2-2» եւ «Անի» թաղամասերը: Ծրագրի շնորհիվ ներկայումս բնակարանային պայմանները բարելավել են ավելի քան 3700 ընտանիք, մինչեւ ծրագրի ավարտն այդ ընտանիքների թիվը կավելանա շուրջ 1700-ով: Այս տարվա ծրագրերից կուզենայի առանձնացնել նաեւ հանրապետության շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման ծրագիրը: Շենքերի գույքագրման եղանակով դրանց հիմնական տեղեկատվական եւ կոնստրուկտիվ բնութագրերի վերաբերյալ անձնագրային տվյալների հավաքագրումը հնարավորություն կտա ստեղծել տվյալների միասնական տեղեկատվական համակարգչային բազա, որն իր հերթին հիմք կհանդիսանա անհրաժեշտ վերլուծությունների կատարման եւ դրանց արդյունքում շենքերի պահպանմանն ուղղված հիմնավորված ծրագրերի մշակման ու իրականացման համար։ Չափազանց ծավալուն եւ աշխատատար գործընթաց լինելով այն միաժամանակ խիստ պատասխանատու է` սոցիալական իմաստով: Արդեն այս ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվել մասնավորապես հավագարվել է 1500 շենք–շինությունների տեխնիկական վիճակը, կազմվել է դրանց վերաբերյալ հիմնական տեղեկատվական տվյալների բազան: Սա անշուշտ շարունակական գործընթաց է, որը իրականացվելու է նաեւ 2013 թվականին: Նախատեսվում է եկող տարի առաջնահերթությունը տալով հանրակրթական հաստատությունների շենքերին` ավելացնել եւս 2000 շենքերի տվյալներ, իսկ հետագայում նաեւ դրանք շարունակականորեն համալրել նաեւ շենքերի կոնստրուկտիվ բնութագրի վերաբերյալ տվյալներով:
Կարծում եմ արդեն գիտեք, որ նախարարությունը զբաղվում է Երեւան քաղաքի «Փոքր կենտրոնի» կառուցապատման օրենսդրական կարգավորման հարցով: Խնդրի ամբողջական, համալիր ուսումնասիրման, օրենսդրական առաջարկությունների մշակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Արդեն մշակվել է հայեցակարգի նախագիծը, որը առաջիկայում կներկայացնենք կառավարություն, այս խնդրի կարգավորուման հարցը եւս կշարունակվի եկող տարի:
Ի՞նչ բացթողումներ են եղել ձեր գործունեության մեջ եւ ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք: Նշեք երեքական օրինակ:
Համաձայնեք, որ քաղաքաշինության ոլորտը օբյեկտիվորեն բարդ ոլորտ է, քանի որ առնչվում է հասարկության բոլոր շերտերին, հետեւաբար ծագած խնդիրներն էլ առավել ակնառու եւ սուր են: Հստակ երեքական օրինակ չէի ցանկանա առանձնացնել, քանի որ որպես նախարար ինձ համար կարեւոր է քաղաքաշինության ոլորտի ցանկացած խնդիր: Իմ պաշտոնավարության առաջին օրվանից լուրջ քայլեր են արվում բացառելու արատավոր երեւույթները, աշխատանքներ են տարվում մշակելու հստակ, համակարգված մեխանիզմներ` կոնկրետ որակական արդյունքների հասնելու համար: Այդ առումով, կարող եմ առանձնացնել շինարարության իրականացման լիցենզիաների տրամադրման գործընթացը, քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների ու շինարարական աշխատանքների բաց եւ թափանցիկ գործելաոճի ապահովումը: Շատ եմ կարեւորում մրցույթների անցկացման ժամանակ զանգվածային լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը ու օգտվելով առիթից կոչ եմ անում նրանց ակտիվություն ցուցաբերել այդ հարցում: Ի դեպ, մրցույթների հրապարակայնությունն ապահովելու նպատակով, մրցույթների անցկացումը օն-լայն ռեժիմով ցուցադրվում է համացանցում: Ուզում եմ ընդգծել քաղաքաշինության պետական տեսչության գործունեության առավել համակարգված եւ խստապահանջ գործելաոճի ձեւավորումը, որի կապակցությամբ միայն մի կետ կառանձնացնեմ. խստագույն հսկվում է շինարարության որակը, պահանջվում է որպեսզի ավարտական ակտերն ամբողջովին համապատասխանեն գործող նորմատիվներին: Շինարարության որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ եւս մեծացել է հսկողությունը եւ միայն վերջին 2 ամսվա ընթացքում շուրջ 70 տեխհսկիչ զրկվել է գործունեություն իրականացնելու լիցենզիայից:
Ձեր անելիքները 2013 թվականին:
Ես արդեն մի քանի կարեւորագույն խնդրի մասին խոսեցի, որ քաղաքաշինության նախարարությունը սկսել է 2012 թվականին եւ շարունակելու է եկող տարի: Չեմ կարծում թե այս հարցազրույցի շրջանակներում կարող ենք խոսել եկող տարվա ողջ անելիքների մասին, փորձեմ միայն մի երկու տողով անդրադառնալ ոլորտի գերակա խնդիրներին:
Եկող տարի կավարտվի աղետի գոտում բնակապահովման պետական ծրագիրը, որի արդյունքում ինչպես նշեցի իրենց բնակարանային պայմանները բարելաված կլինեն շուրջ 5500 անօթեւան ընտանիք:
Նախատեսվում է եկող տարի ստեղծել կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների հիմնանորոգման ենթակա կառույցների ամբողջական տեղեկատվական շտեմարան: Սա բավականին բարդ, ծավալուն, մեծամասշտաբ աշխատանք է, ես արդեն վերեւում նշեցի շենք-շինությունների վերաբերյալ հիմնական տեղեկատվական տվյալների բազայի ստեղծման կարեւորության մասին, սա այդ հսկայածավալ գործընթացի մի մասն է: Շտեմարանում ընդգրկված կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտների մասին հավաքագրվող ամբողջական տեղեկատվությունը երկու հիմնական խմբի կբաժանվի: Առաջինը կնկարագրի տվյալ օբյեկտի ընդհանուր ֆիզիկական վիճակը, աշխարհագրական դիրքը եւ այլն: Երկրորդը` օբյեկտի ծավալային պարամետրերի եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքների ծավալների մասին տեղեկատվությունը: Կարծում եմ գիտեք, որ կրթական օբյեկտների նորոգման գործընթացը շարունակական բնույթ է կրում: Անցնող տարվա ընթացքում հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքներ են իրականացվել շուրջ 125 կրթական, մշակութային եւ մարզական օբյեկտներում: Եկող տարի նախատեսվում է շինաշխատանքներ իրականացնել մոտ 90 կրթամշակութային օբյեկտներում: Միաժամանակ կուզենայի ընդգծել, որ ՀՀ 2013 թվականի պետբյուջեում ընդգրկված են շարունակական եւ նոր օբյեկտների վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման եւ փորձաքննության աշխատանքների կազմակերպումը, որը ինչպես գիտեք արվում է էլեկտրոնային գնման մրցութային տարբերակով:
Եկող տարվա գերակա խնդիրներից է նաեւ քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի մշակման գործընթացը: Անշուշտ, ներկայումս զգալի աշխատանքներ տարվել են քաղաքաշինական օրենսդրական դաշտի ձեւավորման ուղղությամբ, մշակվել են ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ, ենթաօրենսդրական եւ գերատեսչական ակտեր, սակայն մինչ օրս հիմնականում գործում են դեռեւս խորհրդային ժամանակաշրջանի նորմատիվները: Ուստի, հրատապ խնդիր է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի արմատական բարեփոխման անհրաժեշտությունը` արդի պայմաններին համահունչ եւ միջազգային նորմերին ներդաշնակ փաստաթղթերի բազայի ստեղծմամբ: Այս խնդրի կարգավորմանն էր միտված նաեւ Թայեքս գործիքի ներքո քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի եվրոպական նորմերին համապատասխանեցման թեմայով նոյեմբերին կայացած սեմինարը, որին մասնակցեցին հատուկ այդ նպատակով Հայաստան ժամանած ԵՄ առաքելության փորձագետները:
Այս տարին ինչո՞վ նշանավորվեց ձեզ համար: Օրինակ` ինչ-որ սկանդալների մեջ հայտնվեք, անխնա քննադատությունների արժանանաք եւ այլն:
Եթե հետեւել եք իմ գործունեությանը` ինքներդ էլ կհամաձայնեք, որ սկանդալների, հրապարակային, այսպես ասած պոպուլյար իրավիճակների մեջ հայտնվելը հեռու է իմ գործելաոճից: Ես իմ աշխատանքային ողջ կարերայի ընթացքում ստանձնել եմ կոնկրետ պատասխանատվություն ու ամեն ինչ արել պատվով դուրս գալու համար: Այդ առումով, այս տարին իմ համար նշանավորվեց քաղաքաշինության ոլորտի պատասխանատվությունը կրելու բարձր պատիվը ու շատ ուրախ կլինեմ, եթե հաջողվի կոնկրետ ձեռքբերումներ ունենալ այս ոլորտի խնդիրների համակարգային լուծման գործում:
Որպես նախարար` սա առաջին Ամանորն է լինելու ձեզ համար: Նախարարության աշխատակիցները գալո՞ւ են ձեր տուն` «բոնբոնեռկա-կոնյակով», իսկ դուք վերադասներից ո՞ւմ տներն եք այցելելու:
Ամանորը իմ համար ընտանեկան տոն է եւ անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարակության մեջ ունեցած դիրքից, մշտապես այդ տոնն անցկացնում եմ ընտանիքիս հետ: Ինչ վերաբերում է ձեր մատնանշած շնորհավորանքի ձեւին, ասեմ, որ ինքս շնորհավորում ու շնորհավորանքներ էլ ընդունում եմ` դարձյալ անկախ զբաղեցրած պաշտոնից, այլ բարեկամներից ու ընկերական շրջապատից:
«Օձի» տարուց ի՞նչ ակնկալիքներ ունեք, «Վիշապից» գո՞հ եք:
Գիտեք, որ արեւելյան հորսկոպի համաձայն` օձը համարվում է իմաստնության խորհրդանիշ: Ոստի ցանկանում եմ, որ եկող տարի բոլորս քայլ կատարելուց առաջ առաջնորդվենք այդ «օձի իմաստնությամբ», ինչպես երկրի ու ժողովրդի կյանքն ավելի ապահով ու բարեկեցիկ դարձնելու առումով, այնպես էլ` պարզ, մարդկային փոխհարաբերությունների առումով:
Ամանորը ո՞ւմ հետ, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշելու:
Արդեն ասացի, որ ամանորը նշում եմ ընտանիքիս հետ, այս տարի նշելու ենք մեր երկրի գեղատեսիլ վայրերից մեկում` Ջերմուկում: Նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով բավարար ժամանակ չեմ տրամադրում ընտանիքիս, երեխաներիս ու սա հենց բացառիկ այն տոնն է, որ պետք է պարգեւել ընտանիքին: Բացի այդ, տարբեր երկրներ ճանփորդելու, նորանոր աշխարհներ բացահայտելու սիրահար լինելով հանդերձ` կարծում եմ, որ պետական պաշտոնյան պետք է տոներն անցկացնի երկրի ներսում, մանավանդ որ մեր Ջերմուկը, Ծաղկաձորը եւ այլ զբոսաշրջային կետրոններ ոչնչով չեն զիջում հայտնի հանգստավայրերին:
Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը:
Ամանորի նախապատրաստություններից ինձ բաժին է հասնում տոնն ընտանիքիս հետ վայելելը, մնացածը կնոջս շնորհիվ, որպես լավ տնտեսուհու եւ աջակից ընկերոջ, ամեն ինչ արվում է:
Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից նախարարի պաշտոն եք ուզել, իսկ այս տարի ի՞նչ եք ուզելու` «սենց էլ մնա, լավ է», թե ձեր բոլոր ցանկությունները Ձյունանուշիկից են:
Արդեն քանի տարի մեր ընտանիքում` ես եմ Ձմեռ պապիկի դերը ստանձնել, ու ցանկությունների կատարումն էլ իմ վրա է: Իսկ եթե ավելի լուրջ, ես եկող եւ բոլոր տարիներին ցանկանում եմ, որ աշխարհի ու հատկապես մեր պետության համար լինի խաղաղության ու բարօրության, արժանապատիվ ապրելու ու ստեղծագործելու տարի: