ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար կազմն այցելել է քաղաքային պանթեոն և ծաղիկներ խոնարհել Մարկ Գրիգորյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ
Ապրիլի 29-ը երջանկահիշատակ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ պետական մրցանակակիր Մարկ Վլադիմիրի Գրիգորյանի ծննդյան 120-ամյակն է: Այս կապակցությամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ղեկավար կազմն այցելել են քաղաքային պանթեոն և ծաղիկներ խոնարհել նրա հիշատակը հավերժացնող հուշաքարին: Ի դեպ, թանգարանի տնօրենն է մեծանուն ճարտարապետի թոռը՝ Մարկ Գրիգորյանը:
Մարկ Վլադիմիրի Գրիգորյանը ծնվել է 1900թ.-ին Նոր Նախիջևանում, ավարտել Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը, 1937-1951թթ. եղել Երևանի գլխավոր ճարտարապետ, զբաղեցրել այլ պաշտոններ։
Նա Ալեքսանդր Թամանյանի հետ միասին նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը, հետագայում ղեկավարել Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել Հրազդան քաղաքի 1961-1963 թթ. գլխավոր հատակագիծը, 1959-1963թթ. եղել ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Մարկ Գրիգորյանը Մատենադարանի, ՀՀ Նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Մարգարյանի անվ. ծննդատան, Դերասանների և բազմաթիվ բնակելի շենքերի, Հանրապետության հրապարակում Միությունների շենքի, «Արմենիա» հյուրանոցի/համահեղինակ/, Խաչատուր Աբովյանի հուշարձանի հեղինակն է:
Նա Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում է ունեցել, պարգևատրվել Լենինի և Պատվո շքանշաններով: