COVID-19 վիրուսի դեմ պայքարի շրջանակներում «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մոդուլային շինության կառուցման աշխատանքներ
ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ (COVID-19)» վիրուսի դեմ պայքարի շրջանակներում նախաձեռնել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածքում նոր՝ 40 մահճակալ հզորությամբ, ՙՙՄոդուլային՚՚ տիպի ընդունարանի կառուցման աշխատանքներ, որը ծառայելու է որպես ընդունարան-մեկուսարան և զգալիորեն բեռնաթափելու է հիվանդանոցի ստացիոնար մահճակալների ծանրաբեռնվածությունը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն իր մասնագիտական աջակցությունն է ցուցաբերում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արագացված ձևով ընթացող նոր ընդունարանի կառուցման շինարարական աշխատանքներին՝ ներգրավելով տարբեր շինարարական կազմակերպությունների, որոնցից շատերը պատրաստակամություն են հայտնել անհատույց, անհրաժեշտ աշխատուժի և նյութերի մատակարման ապահովմամբ, աջակցելու նշված շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքին:
Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը ու խորհրդական Աշոտ Գրիգորյանը նախ և առաջ այցելել են ՙՙՄոդուլներ՚՚ արտադրող ընկերության տարածք, տեղում ծանոթացել ընթացող աշխատանքներին և մասնագիտական խորհրդատվություն ու աջակցություն են ցուցաբերել արտադրող ընկերությանը, ինչպես նաև նախնական պայմանավորվածության համաձայն արտադրական տարածք են ուղեկցել անհրաժեշտ մասնագիտական անձնակազմի, որոնք անմիջապես ներգրավվել են ՙՙՄոդուլներիՙՙ արտադրության մեջ: Այնուհետև այցելություն է իրականացվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տարածք՝ տեղում ծանոթանալու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու ընդունարանի կառույցման աշխատանքներն իրականացնող ՙՙԱրտկոն՚՚ ՍՊ ընկերության պատասխանատու աշխատակիցներին:
Տեղում կատարվող աշխատանքների ընթացքին հետևելու և ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատանքային խմբին է միացել Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը: Նա շնորհակալություն է հայտնել սահմանված սեղմ ժամկետներում նոր ընդունարանի կառուցման պատասխանատվությունը ստանձնած ընկերության ներկայացուցիչներին, աշխատող շինարարներին և ընթացակարգային հանձնարարականներ տվել:
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում շինարարությունը կազմակերպվում է մոդուլային տիպի մետաղական կոնստրուկցիաներով բլոկներից, որոնք արտադրվում են գործարանային պայմաններում և տեղափոխվում են շինհրապարակ, որտեղ և տեղադրվում են տեղում նախապես պատրաստված բետոնե հիմքերի վրա: Ներկա պահին ավարտին են մոտենում հիմքերի բետոնացման աշխատանքները:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը նշել է, որ մարդասիրական այս աշխատանքներին մասնակցող ընկերությունների ցանկը կհրապարակվի առաջիկայում, ինչպես նաև կոչ արել լինել նախաձեռնող և համագործակցության պատրաստակամության դեպքում կապ հաստատել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ: