Քննարկվեց շինարարության ընթացքի հետ կապված խնդիրները
Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերում “Գլենդել Հիլզ” ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 23-ին կայացավ խորհրդակցություն:
Խորհրդակցության ընթացքում համայնք առ համայնք ներկայացվեց շինարարության տարբեր փուլերում գտնվող, արդեն կառուցված և առաջիկայում կառուցվող բնակարանների և բնակելի տների շինարարության ընթացքին առնչվող խնդիրները:
Նշվեց, որ նշյալ ծրագրի մեկնարկից սկսած (2009թ.) Լոռու մարզի 24 գյուղական համայնքներում այս ծրագրի շահառու է ճանաչվել 1010 ընտանիք, որոնցից 611 ընտանիքի համար տներն արդեն իսկ կառուցված են: Կառուցման ընթացքում են շուրջ 315 տուն: Սպիտակ քաղաքում շահառու է ճանաչվել 49-ը, Վանաձորում` 16 ընտանիք: “Գլենդել Հիլզի” ղեկավարության հավաստմամբ` առաջիկա օրերին նշյալ 2 քաղաքներում կմեկնարկի շինարարությունը: Շիրակի գյուղական բնակավայրերում շահառու է ճանաչվել 69 ընտանիք, Ախուրյանում` 130, որոնց համար կառուցվելիք 4 շենքերից 3-ն արդեն ընթացքում են: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կառավարությունն այս ծրագրին լրացուցիչ միջոցներ է հատկացրել, որի շրջանակներում Գյումրիում կանխատեսվող 420 բնակարանի համար հոկտեմբերի 23-ի դրությամբ շահառու է ճանաչվել 347 ընտանիք:
Քաղաքաշինության նախարարը շեշտեց, որ շինարարության հետագա ընթացքը հետևելու և շինաշխատանքների հետ կապված խնդիրները տեղում դիտրկելու նպատակով, եկող շաբաթվանից իր գլխավորած աշխատանքային խումբը պարբերաբար այցելություններ է կատարելու այն համայնքներ, որտեղ այս ծրագրի շրջանակներում “Գլենդել Հիլզ” ընկերությունը աշխատանքներ է կատարում: