Հստակեցվում է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և եզրակացությունների վարման կարգը
Կառավարության նոյեմբերի 23-ի նիստում հաստատվել է Քաղաքաշինության կոմիտեի մշակած նախագիծը, որով սահմանվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը:
Սահմանվել է, որ տեխնիկական վիճակի գնահատումն իրականացնող լիցենզավորված կազմակերպությունները հետազննության արդյունքում տրված եզրակացությունները եռամսյա պարբերականությամբ ներկայացնելու են Քաղաքաշինության կոմիտե: Եզրակացությունների ամփոփմամբ կոմիտեն վարելու է էլեկտրոնային մատյան և տվյալները հրապարակելու է նաև պաշտոնական կայքում։
Բացի այդ, տվյալները տրամադրվելու են Կադաստրի կոմիտեին՝ պետական գրանցման էլեկտրոնային մատյանում ներառելու նպատակով։
Կարգում հստակեցված է, որ բազմաբնակարան շենքերի համար տեխնիկական վիճակի հետազննությունը լիցենզավորված կազմակերպություններին պատվիրում է շենքի կառավարման մարմինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ համայնքը` սեփականատերերի կողմից պարտադիր նորմերի շրջանակներում կատարված վճարումների հաշվին: Անհատական բնակելի տների համար պատվիրում են սեփականատերերը։
Տեխնիկական վիճակի գնահատումը ցուցվում է իրականացնել ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ: Սակայն որոշմամբ թվարկված են նաև այն դեպքերը, երբ պետք է իրականացնել ավելի վաղ: