Ապագա ճարտարապետը ներկայացրել է Արտաշատ քաղաքի հրապարակի արդիականացման նախագիծ
Պետական կառույց-բուհ համագործակցության արդյունքում մշակվել է Արտաշատ քաղաքի հրապարակի արդիականացման և հանրային տարածքի կազմակերպման հայեցակարգային առաջարկ։ Դիպլոմային աշխատանքի շրջանակում մշակված նախագիծը և մակետը ներկայացվել են Արտաշատի համայնքապետարանում կազմակերպված շնորհանդեսի ժամանակ, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։
Աշխատանքի համար հիմք են ծառայել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Արարատի մարզի համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը։ «Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթում՝ որպես հայեցակարգային առաջարկ, տեղ է գտել գլխավոր հրապարակի արդիականացումը։ Իսկ ուսանողն արդեն ճարտարապետական լուծումներով ներկայացրել է գաղափարի իրագործման հստակ տարբերակներ։ Սա պետական և համայնքային ծրագրերում բուհական ներուժը ներգրավելու լավ օրինակ է»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողուհի Արևիկ Նազարյանն իր նախագծում առաջարկել է հրապարակն ազատել ավտոմեքենաներից՝ ստեղծելով ստորգետնյա, երկհարկանի ավտոկայանատեղի։ «Հրապարակը կունենա հայկական նախշերով ձևավորված ճեմուղի, կանաչապատ տարածք, հնարավոր կլինի օգտագործել տարբեր միջոցառումների, ցուցահանդեսների կազմակերպման համար։ Նոր շունչ կարող է ստանալ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը՝ արդիականացման արդյունքում տարբեր խմբակների, համերգների կազմակերպման, ներքին բակը՝ ինտերնետ հասանելիությամբ աշխատանքային միջավայրի, իսկ տանիքը՝ գեղեցիկ տեսարանով սրճարանային տարածքի վերածելու միջոցով»,-նկարագրել է երիտասարդ ճարտարապետը։ Այս գաղափարներն արտացոլող մակետը նա նվիրել է համայնքին։
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր աշխատանքի համար՝ նշելով, որ այն արտացոլում է տարածքի արդիականացման վերաբերյալ համայնքապետարանի պատկերացումները։ Նա հավաստիացրել է, որ առաջիկայում հնարավորություն կունենան քաղաքն առավել գրավիչ ու հարմարավետ դարձնել բնակիչների և հյուրերի համար։