Մարկ Գրիգորյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով
Երևանը բոլոր գողտրիկ անկյուններով ճանաչող, սիրող և մյուսների համար բացահայտող, Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը նշում է ծննդյան 65-ամյակը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հրամանով ճարտարապետության պատմությանն ու տեսությանը նվիրված գործում ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Մարկ Գրիգորյանը պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով: Կոմիտեն շնորհավորում է հարգարժան գործընկերոջը՝ մաղթելով հետաքրքիր գաղափարների իրագործում և ստեղծագործական նոր ձեռքբերումներ։
Մարկ Գրիգորյանը 2019թ. թանգարան է եկել լրագրության ոլորտից՝ հստակ պատկերացնելով՝ որ ուղղությամբ է պետք ուղղորդել թանգարան-ինստիտուտի ներուժը։ «Միջնադարի հայ ճարտարապետության ուսումնասիրությունը մեկ դարից ավելի արմատներ ունի: Այդ գործով զբաղվել են անհերքելի ավանդ ունեցող հեղինակներ: Մինչդեռ 20-րդ դարի հայ ճարտարապետության պատմությունը զարմանալիորեն բավականաչափ ուսումնասիրված չէ: Խնդիրը ոչ թե միայն փաստերի իմացությունն է, այլ նաև փաստերը մեկնաբանելը, հասկանալը և վերարտադրելը: Դառնալով տնօրեն հնարավորություն էի ստանում թանգարանի գիտական կազմի հետ միասին զբաղվել 20-րդ դարի ճարտարապետության պատմությամբ և բացահայտել այն ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար»,-պատմում է Մարկ Գրիգորյանը:
Գիտական ուսումնասիրություններին զուգահեռ թանգարան-ինստիտուտի կյանքն ակտիվ է մշակութային իրադարձություններով, ցուցադրություններով: Շուտով նորոգված ցուցասրահում կբացվի թանգարան-ինստիտուտի առաջին տնօրեն, ներկայում գիտական քարտուղար Աշոտ Գրիգորյանի կոլաժների ցուցադրությունը՝ նվիրված նրա 75-ամյակին: Թանգարանը կհյուրընկալի նաև միջազգային մեծ գիտաժողով: Հաջորդիվ նախատեսվում են 20-րդ և 21-րդ դարերում ազգային ճարտարապետության դերին նվիրված ցուցադրություն և ճարտարապետների հանդիպում-քննարկումներ:
Եվս մեկ ցուցադրություն նվիրված կլինի Ռ. Իսրայելյանի դեկորատիվ աշխատանքներին։ Թանգարանը համագործակցում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որի ուսանողները պատրաստում են 3D մոդելներ:
Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ կազմակերպվելու է ցուցահանդես՝ «Երևանը քարտեզներում» թեմայով՝ 17-րդ դարից մինչև մեր օր:
Մարկ Գրիգորյանը հրավիրում է բոլորին Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ՝ նորովի բացահայտելու և սիրելու ճարտարապետությունը։