Հայաստանում փոխվել է շինարարության «աշխարհագրությունը». մարզերում ակտիվություն է նկատվում
Հայաստանում հունվար-օգոստոսին իրականացվել է 374 մլրդ 853.1 մլն դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել է 20.4 տոկոսով: Ոլորտի պատասխանատուներն ու ներկայացուցիչները Երևանում եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտից հետո շինարարության «աշխարհագրության» փոփոխություն են նկատում. մարզերում ակտիվություն է դիտվում:
«Արմենպրես»-ը ոլորտում նկատված միտումների ու կանխատեսումների մասին զրուցել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ու Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահի հետ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ շինարարությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առաջնորդող ճյուղերից մեկը։ Նա ուրախությամբ արձանագրեց՝ աճ է գրանցվել ֆինանսավորման հիմնական բոլոր աղբյուրներով։ Մասնավորապես՝ պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալը 2025թ. հունվար-օգոստոսին աճել է 25.5 տոկոսով։ Համայնքային միջոցներով իրականացվող շինարարության ծավալն աճել է 30 տոկոսով: Կոմիտեի նախագահը նկատեց՝ սա խոսում է այն մասին, որ սուբվենցիոն ծրագրերը սկսել են ավելի մեծ ծավալով և արդյունավետ իրականացվել։ Կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարությունն աճել է 20.6 տոկոսով, իսկ բնակչության միջոցներով շինարարությունը՝ 15.7 տոկոսով:

«Պետական միջոցներով իրականացվող շինարարության աճը ես կապում եմ այն հանգամանքի հետ, որ արդեն 300 դպրոց և 500 մանկապարտեզ ծրագրում ընդգրկված շինարարական բոլոր օբյեկտները, ըստ էության, մտել են շինարարության փուլ։ Սրան գումարվում է նաև մնացած ուղղություններով ակտիվ շինարարությունը՝ ճանապարհաշինարարություն, ինժեներական ենթակառուցվածքներ, առողջապահական, մարզական կառույցների շինարարություն, սոցիալական բնակարանաշինություն և այլն»,-ասաց Վարդանյանը:
Ըստ կոմիտեի նախագահի՝ ցուցանիշների հիմքում կարևոր է տեսնել կառավարության աջակցության տարբեր ծրագրերը, որոնք խթանում են անհատական բնակելի տների կառուցումը, տների, բնակարանների էներգաարդյունավետ նորոգումը, բացի այդ՝ օրենսդրական դաշտի բարեփոխումները, նոր հնարավորությունների ստեղծումը։
Բացի այդ, կառուցապատման թույլտվությունների տրամադրումը թվայնացվել է Հայաստանի ողջ տարածքում, որը միտված է գործընթացն ավելի դյուրին և թափանցիկ դարձնելուն: Շինարարության թույլտվությունները և քաղաքաշինական այլ փաստաթղթերը 2025թ. հունվարի 1-ից ՀՀ բոլոր մարզերում և Երևանում տրամադրվում են բացառապես urban-permits.e-gov.am թվային հարթակի միջոցով:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը մարզերում իրականացվող շինարարության հետաքրքիր պատկեր է նկատում: «Քանի որ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմը Երևանում դադարել է գործել, էապես փոխվել է շինարարության աշխարհագրությունը՝ ակտիվանալով մարզերում։ Սա այն քաղաքականության արդյունքում է, որը իրականացնում է Կառավարությունը։ Երևանամերձ մարզերն առավել ակտիվ են, սակայն հետաքրքիր աշխուժություն կա նաև այլ մարզերում»,-ասաց Վարդանյանը:
Կոմիտեի տրամադրված վիճակագրական տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզում 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ թվային հարթակի գործարկումից ի վեր տրամադրվել է 3027 շինարարության թույլտվություն, Արարատի մարզում՝ 1822, Արմավիրի մարզում՝ 1655, իսկ Արագածոտնի մարզում՝ 453 շինարարության թույլտվություն։
2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ողջ հանրապետությունում տրամադրվել է 9151 շինթույլտվություն, 10 741 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) և 3295 ավարտական ակտ։ Ընդ որում, աճի դինամիկա նկատվում է նաև ամիսների համեմատությամբ։ Երևանը թվային հարթակին միացել է 2025թ. հունվարի 1-ից։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրվել է 896 շինարարության թույլտվություն։
«Վիճակագրությունը փաստում է, որ որոշ մարզերում տրված շինթույլտվությունների քանակը գերազանցում է Երևանում տրված շինթույլտվությունների թվին»,-նկատեց կոմիտեի նախագահը:
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ նախորդ տարի և դրան նախորդող տարիների պահանջարկի և ստացված քաղաքաշինական թույլտվությունների հիման վրա մեկնարկած ծրագրերի արդյունքում է, որ այս տարի նկատվում է շինարարության ակտիվություն: Ակտիվությունը էականորեն կպահպանվի այս և հաջորդ տարիներին: Իսկ նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի տեմպերը, ըստ նրա, Երևանում նվազել են: Այս առումով ակտիվություն է նկատվում Երևանի մերձակա մարզերում:
«Եկամտային հարկի վերադարձի ծրագրի աստիճանական դադարեցումը՝ այս պահին Երևանում և աստիճանաբար նաև մարզերում, ունեցավ մի շարք թե՛ դրական, թե՛ բացասական խթաններ։ Քանի որ ծրագիրը դուրս էր գալիս Երևանից, նախորդ տարի մենք ունեցանք ռեկորդային քանակով շինթույլտվությունների թողարկումներ միայն Երևանի տարածքում: Իսկ այս տարի ունեցանք քաղաքաշինական թույլտվությունների հայտարկման և թողարկման գծով էական նվազում: Այսինքն՝ պահանջարկը, որը կարող էր լինել առաջիկա տարիներին՝ այս տարի, հաջորդ տարի, տեղափոխվեց նախորդ տարվա երկրորդ կիսամյակ»,-ասաց Գրիգորյանը:
Ասոցիացիայի նախագահը ևս Երևանի մերձակա մարզերում նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի ակտիվությունը պայմանավորում է հիմնականում եկամտային հարկի վերադարձի հնարավորությամբ: Ասոցիացիայում նկատել են՝ ամենից ակտիվը Կոտայքի մարզն է, ապա Արագածոտնի մարզը, նաև Տավուշը՝ որպես հանգստյան գոտի: Կառուցապատողներն այս մարզերում ակտիվորեն իրականացնում են ներդրումային ծրագրեր:
«Այս տարեսկզբից նկատելի է ակտիվության շարունակականություն մերձերևանյան մարզերի համայնքներում և առանձին կուրորտային զոնաներում՝ Դիլիջան կամ Ծաղկաձոր համայնքներում։ Պետք է արձանագրել, որ դա պայմանավորված է 2 հիմնական խթանիչ հանգամանքով: Առաջինը եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է, ինչը ապահովում է երաշխավորված վաճառքի հնարավորություն։ Երկրորդը՝ մարզերում փոքր-ինչ ավելի հեշտ է հանրային վարչարարության տեսանկյունից, քաղաքաշինական թույլտվությունների ստացման գործընթացներն ավելի պարզ են՝ Երևանում իրականացվող վարչարարության հետ համեմատած»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Ըստ Գրիգորյանի՝ այս ակտիվությունը կարող է ժամանակավոր լինել: Եկամտային հարկի վերադարձի ծրագիրն է նպաստում քաղաքաշինական ծրագրերի ակտիվացմանը Երևանի մերձակա մարզերում ու հանգստյան գոտիներում: «Եվ եթե պետությունը սեղմ ժամկետներում քաղաքաշինական ծրագրի խթանման գծով նոր քաղաքականություն չորդեգրի, ապա առաջիկա տարիներին ականատես կլինենք մի իրավիճակի, որ այլևս չեն լինի նոր մեկնարկող զանգվածային քաղաքաշինական ծրագրեր: Կլինեն առանձին քաղաքաշինական ծրագրեր՝ փոքր ծավալներով, փոքր տեմպերով: Սա, իհարկե, կունենա իր բացասական հետևանքները՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի ցուցանիշներով մեր երկրի ՀՆԱ-ում քաղաքաշինությունը, կառուցապատումը, հարակից ոլորտների հետ միասին շոգեքարշել է, լոկոմոտիվ է հանդիսացել ՀՆԱ-ում՝ ապահովելով շուրջ 21․5 տոկոս, այսինքն՝ ՀՆԱ-ի գրեթե 1/5-րդը»,-ասաց ասոցիացիայի նախագահը:
Ըստ նրա՝ եթե առաջիկա տարիներին հանրային քաղաքականության որդեգրած մոտեցումները չլինեն բիզնեսակենտրոն և ի նպաստ շուկայի շարունակական և կայուն զարգացման, ապա այս տեմպերը էականորեն անկում կապրեն՝ ՀՆԱ-ի վրա ունենալով խորը բացասական ազդեցություն։
Եկամտային հարկի վերադարձի ծրագրի ավարտից հետո շինարարության տեմպերը պահպանելու համար նա որոշակի քայլերի անհրաժեշտություն է տեսնում: Գրիգորյանը բիզնես վարքագիծը կանխորոշելու, երկարաժամկետ ներդրումային ծրագրերի համար նախևառաջ կարևորեց օրենսդրական կանխատեսելի միջավայրի ապահովումը: Օրենսդրական նոր փոփոխությունները գոնե չպետք է տարածվեն արդեն ընթացքի մեջ գտնվող կառուցապատումների վրա, որ դա ներդրումային ոչ գրավիչ պայմաններով նախագիծ չլինի:
«Օրինակ՝ քաղաքաշինական ծրագրի սկզբում կառուցապատողը տեղյակ չի լինում, որ օրերից մի օր կարող է համայնքը սահմանել շինարարության թույլտվության երկարաձգման գծով տուրք։ Բայց ընթացքում պարզվում է, որ սահմանվում է նման տուրք»,-նշեց նա:
Գրիգորյանը նշեց նաև վարչարարության խնդրի լուծման մասին, քանի որ վարչարարական գործընթացների դանդաղումը թանկացնում է շինարարության ինքնարժեքը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը իր հերթին վստահ է՝ շինարարական ակտիվությունը շարունակվելու է, պարզապես շինարարության կառուցվածքն է փոխվելու։ «Թե՛ կառուցապատողների, թե՛ կառավարության գործընկերների հետ քննարկում ենք այլընտրանքային տարբերակներ՝ եկամտային հարկի վերադարձի գործիքի փոխարեն որպես ինստիտուցիոնալ, ծրագրային մոտեցում։ Մինչ այդ որոշ խոշոր կառուցապատողներ արդեն գտել են լուծումներ և անցել տարաժամկետ վճարման գրաֆիկի»,-ասաց Վարդանյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշեց՝ ոլորտի առանձնահատկությունն այնպիսին է, որ շինարարական ծավալները սովորաբար աճում են երկրորդ կիսամյակում։ Մեծ ծավալով կատարողականներ գեներացվում և վճարվում են տարվա վերջին։ «Ես վստահ եմ, որ աճի դինամիկան պահպանվելու է հաջորդող ամիսներին, կարծում եմ՝ նաև հաջորդ տարիներին, քանի որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարելու նպաստավոր նախադրյալներ են ստեղծվում, ինչը չի շրջանցի նաև շինարարության ոլորտը»,-ասաց Վարդանյանը:
Կոմիտեի նախագահը վստահեցրեց՝ պետական ծրագրերը շարունակվելու և ավելի մասշտաբային են դառնալու։ Մասնավորապես՝ դպրոց և մանկապարտեզ կառուցելու հանձնառությունը Կառավարությունը շարունակելու է նաև 2026 թվականից հետո. գալիք տարիներին գործունեության դաշտը կանխատեսելի դարձնելու նպատակով արդեն սկսվել են նոր շրջափուլի համար հաջորդ մեծ խումբ դպրոցների և մանկապարտեզների նախագծման աշխատանքները։ Ըստ նրա՝ սա խթան պետք է լինի շինարարական ներուժը առավելագույն պատրաստվածության բերելու համար։ Նախատեսված է Ակադեմիական քաղաքի կառուցումը՝ բազմաթիվ ենթակառուցվածքներով, մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը և այլն։
Սկզբնաղբյուրը՝ https://armenpress.am/hy/article/1231774