Հաստատվեց սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագրը
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 26-ի նիստում հավանության է արժանացրել քաղաքաշինության նախարարության կողմից ներկայացված մի քանի կարեւոր նախագծեր, որոնցից առավել ուշագրավ է <<Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին>> նախագիծը, <<Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման>> հայեցակարգը եւ սիրիահայերի համար Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման կարգը:
<<Սոցիալական բնակարանային ֆոնդի ձեւավորման ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին>> ռազմավարությամբ սահմանվում են սոցիալական բնակֆոնդի ձեւավորման սկզբունքները, ուղղությունները եւ այդ ֆոնդից բնակելի տարածության հատկացման հիմնադրույթները բնակարանային խնդիրները ինքնուրույն հոգալու հնարավորություն չունեցող, սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքներին:
Ինչպես հարցը ներկայացնելիս նշեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը` սոցիալական բնակարաններից կարող են օգտվել սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթեւանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների եւ ոչ աղետների հետեւանքով): Բնակարանային կարիքավորության չափանիշ է համարվում ժամանակավոր կացարաններում, տնակներում, վթարային բնակելի տներում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվելը, իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները տվյալ համայնքում կատարող (այդ թվում նաեւ բժշկական եւ կրթական հաստատություններում աշխատող) եւ աշխատանքի գտնվելու վայրի համայնքում բնակելի տարածություն չունեցող անձինք, բնակարանային պայմանները դեռեւս չբարելաված եւ սոցիալական բնակարանային ֆոնդից բնակելի տարածություն ստանալու ցանկություն հայտնած ընտանիքները: Բնակարանային կարիքավորության չափանիշը սահմանվել է կառավարության կողմից:
<<Հայաստանում շենքերի սեյսմակայունության ապահովման>> հայեցակարգի նպատակն է անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել շենքերի սեյսմակայունության ապահովման ուղղությամբ համակարգված եւ արդյունավետ մոտեցումների եւ գործողությունների համար: Նախագծով ներկայացվել է շենքերի սեյսմակայունության ոլորտում տիրող իրավիճակը, առկա խնդիրները եւ դրանց լուծմանն ուղղված մոտեցումները, շենքերի սեյսմակայունության բարձրացմանն ուղղված եղանակները, առաջնահերթ իրականացվելիք միջոցառումները: Հայեցակարգում բերված են շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված հիմնական մոտեցումները, շենքերի տիպերը, դրանց վերականգնման ու ուժեղացման առաջնահերթությունը` հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված չափանիշները: Անհրաժեշտ ծավալով եւ պահանջվող մակարդակով ներկայացվել են շենքերի սեյսմազինվածության բարձրացման եղանակներն ու մեթոդները եւ հայեցակարգի նպատակին հասնելու ուղիները: Հայեցակարգի ընդունումը խթան կհանդիսանա հանրապետությունում շենքերի սեյսմակայունության ապահովմանն ուղղված միջոցառումների հետագա ծրագրերի մշակման ու իրականացման համար,-իր ելույթում նշեց պարոն Թադեւոսյանը:
Ներկայացնելով Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասում կառուցվող բնակելի տների (բնակարանների) հատկացման կարգը նախարարը նշեց, որ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցապատման համար հողահատկացման սուբյեկտ է ճանաչվել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ կառավարությունը կամ ՀԳՄ-ները չեն կարող միջամտել այդ հողամասի վրա կառուցված բնակարանների բաշխման գործընթացին: Որոշման նախագծով նախարար Թադեւոսյանն առաջկեց աջակցություն ցուցաբերել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը` Նոր Հալեպ թաղամասում կառուցվող բնակարանների հատկացման եւ հատուցման կարգի մշակման հարցում: Համակարգող ՀԿ-ին առաջարկել` Նոր Հալեպ թաղամասում կառուցվող բնակարանները հատկացնել կամավորության սկզբունքով եւ հասարակական կազմակերպության նախագահի ու բնակարան ստացող սիրիահայերի ընտանիքների միջեւ բնակարան հատկացնելու մասին կնքվող պայմանագրերում ամրագրել բնակարանի հատկացման որոշակի սկզբունքներ: