Տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը
Երևանում տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձինք։ Միջոցառմանը մասնակցել է նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Մարզադպրոցի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ։ Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։ Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով։

Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ: Նախատեսվում է շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։

Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։

Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ։
Մանրամասները՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2025/08/25/Nikol-Pashinyan-25-08/
