Շինարարության ծավալի աճի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են. Հայաստանում նշվում է Շինարարի օրը
Շինարարի օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ օգոստոսի 8-ին կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ:

Մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով շինարարներին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ամենօրյա պատասխանատու աշխատանքով պետության զարգացմանն ու առաջընթացին նպաստելու և դրա մասը կազմելու վերջիններիս պատրաստակամությունը։


Տիգրան Խաչատրյանը նկատել է, որ վերջին տարիներին շինարարության ծավալների աննախադեպ աճը նպաստել է ոլորտի կազմակերպությունների կարողությունների ավելացմանը։ Նա վստահություն է հայտնել, որ նկատվող որակական փոփոխությունները ամուր հիմք կապահովեն ոլորտի զարգացման շարունակականությունն ապահովելու և դեռևս չօգտագործված ներուժը լավագույնս իրացնելու տեսանկյունից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական խոսքում անդրադարձել է 2025թ. 1-ին կիսամյակում շինարարության ծավալների 18.5% աճին և դրանց արտացոլմանը պետբյուջեի հարկային եկամուտներում։ Մասնավորապես՝ շինարարության ոլորտից այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե վճարված հարկային եկամուտները 2024-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շեշտակի՝ մոտ 47%-ով աճել են՝ կազմելով 105.6 մլրդ դրամ։

«Գոհունակությամբ կարող ենք փաստել, որ շինարարներն արդեն հարմարվել են 300 դպրոց, 500 մանկապարտեզ, մարզական և առողջապահական հաստատություններ, տրանսպորտային, ջրային և այլ ենթակառուցվածքներ կառուցելու կառավարության ծրագրերի այս աննախադեպ ծավալին` կատարելագործելով ռեսուրսները և կարող են համապատասխան տեմպով ու որակով շինարարություն իրականացնել։ Քաղաքաշինության կոմիտեն իր հերթին ձգտում է խթաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի շինարարության ոլորտը համընթաց շարժվի համաշխարհային միտումներին»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը՝ մատնանշելով Եվրոպական միության քաղաքաշինական նորմերի տեղայնացումը, քաղաքաշինության ոլորտի թվայնացումը, քաղաքաշինական գործունեության որակի բարձրացմանը միտված կազմակերպությունների վարկանիշավորումը։

Շնորհավորական ելույթով հանդես է եկել նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել կառավարության կողմից ոլորտին ցուցաբերվող աջակցության և ոլորտի ներկայացուցիչների գնահատման համար և կարևորել պետական կառույցների հետ համագործակցությունը։

Միջոցառման ընթացքում մասնագիտական տոնի առթիվ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանձնել է մի խումբ շինարարների շնորհված պետական պարգևները։ Երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են «Բաղրամյանշին» ԲԲԸ տնօրեն Գագիկ Վարդանյանը և «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարգարյանը։ Արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են «Դ և Ս Քոնսթրաքշն» ՍՊԸ տնօրեն Դավիթ Քոչարյանը և «ԱռսԹոռ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Արսեն Ղահրամանյանը։


Կոմիտեի նախագահը Հայաստանի շինարարների միության նախագահի հետ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է «Քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար» ոսկե մեդալ և Քաղաքաշինության կոմիտեի շնորհակալագիր։


Շինարարության բնագավառի նվիրյալները պարգևատրվել են նաև ԿԳՄՍ նախարարության մեդալով, շնորհակալագրով, Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով, Երևանի քաղաքապետի շնորհակալագրով, արժանացել «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչմանը։ Երևանի քաղաքապետարանի պարգևները հանձնել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Միջոցառումն ամփոփվել է երաժշտական կատարումներով և Հայաստանի շինարարության ոլորտի վերաբերյալ տեսանյութի ցուցադրությամբ։
Շինարարի օրը Հայաստանում նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։
Միջոցառման լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/shinarari-or-2025



