Քաղաքաշինության ոլորտում կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցած ՀՀ մարզերի մասնագետներին Քաղաքաշինության կոմիտեն շնորհել է հավաստագրեր
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպված դասընթացների ամփոփիչ միջոցառումը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն իր ելույթում նշել է, որ Կառավարության կողմից ընդունված Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված են ՏԻՄ-երի կարողությունների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու միջոցառումներ, որոնց շրջանակում արդեն չորրորդ տարին անընդմեջ կոմիտեն կազմակերպում է դասընթացներ մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների աշխատակիցների համար։ Նրանք հնարավորություն են ունենում խորությամբ ուսումնասիրելու քաղաքաշինական ընթացակարգերը, դաշտը կարգավորող իրավական ակտերը, որոնց առնչվում են իրենց գործունեության ընթացքում, և մասնագիտական պարզաբանումներ ստանալու գործնականում հանդիպող խնդիրների վերաբերյալ։ «Սովորում են ինչպես պրակտիկայում օգտագործել բնակավայրերի գլխավոր հատակագծերը, որպեսզի, օրինակ, ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու ժամանակ կարողանան կիրառել գոտևորմամբ սահմանված չափորոշիչները, կամ իմանան՝ ինչպես ձևավորել սուբվենցիաների փաթեթները։ Քանի որ քաղաքաշինական գործընթացները տեղափոխվել են թվային հարթակ, և համայնքները կառուցապատմանն առնչվող թույլտվությունները տրամադրում են միայն էլեկտրոնային եղանակով, հետևաբար դասընթացի նպատակն է եղել նաև այդ գործառույթն իրականացնող աշխատակիցների կարողությունների զարգացումը»,-նշել է Նունե Պետրոսյանը։

Դասընթացների անցկացման համար Քաղաքաշինության կոմիտեի մասնագետներից բացի ներգրավվել են նաև պետական այլ գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի ճարտարապետների պալատի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետները։ Անդրադարձ է եղել հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, փաստաթղթերի փորձաքննությանը, շինարարական նորմերին, լիցենզավորման նոր ընթացակարգին, բնակարանային ֆոնդի հիմնախնդիրներին և բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանը, հուշարձանների պահպանական գոտիներին, շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, ճարտարապետների արտոնագրմանը և այլ թեմաներին։

Դասընթացները շարունակական են լինելու՝ քաղաքաշինության ոլորտում կատարվող բարեփոխումներին համահունչ բարելավելու համայնքային մասնագետների կարողությունները։ «Բոլոր բարեփոխումները պետք է հասանելի լինեն մեր մարզերին։ Եթե քաղաքաշինական գործընթացներում ներգրավված մասնագետներն իրազեկված են, ապա աշխատանքը թերի չի լինում և լրամշակման կարիք չի առաջանում։ Արդյունքում կրճատվում են վարչարարությունն ու ժամկետները, և գործընթացների դյուրացման շնորհիվ բարելավվում է ներդրումային դաշտը»,-ընդգծել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը։

Այս տարի Քաղաքաշինության կոմիտեի կազմակերպած դասընթացին մասնակցել են մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների ավելի քան 140 մասնագետներ, որոնց շնորհվել է հավաստագիր՝ հաստատված Քաղաքաշինության կոմիտեի, Ճարտարապետների պալատի և ՃՇՀԱՀ-ի կողմից։

Հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտե Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում։ Հավաստագրերը հանձնել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի աշխատակազմի ղեկավար Փայլակ Կարապետյանը։
Բոլոր լուսանկարները՝ https://www.minurban.am/hy/photos/photos/Dasyntac-Marzer-havastagir



