Անցկացվել է քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված դասընթաց
Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ կայացել է քաղաքաշինության ոլորտում ՀՀ մարզերի մասնագետների կարողությունների զարգացման և շարունակական մասնագիտական կրթության կազմակերպման նպատակով դասընթացների ևս մեկ փուլ։ Այս տարի մարզպետների աշխատակազմերի և համայնքապետարանների 142 աշխատակից հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու քաղաքաշինական ընթացակարգերը, դաշտը կարգավորող իրավական ակտերը, որոնց առնչվում են իրենց գործունեության ընթացքում։

Քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված այս դասընթացի անցկացմանը կոմիտեի մասնագետներից բացի ներգրավվել են նաև պետական այլ գերատեսչությունների և ոլորտին առնչվող կառույցների ներկայացուցիչները։ Ավելի քան մեկ ամիս տևողությամբ դասընթացի մի մասն անցկացվել է Քաղաքաշինության կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, մյուս մասը՝ մարզերում։


Ծրագրում ներառված են եղել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, հողամասի նպատակային նշանակության փոփոխության, փաստաթղթերի փորձաքննության, շինարարական նորմերի, սուբվենցիոն ծրագրերի փաթեթների և այլ թեմաների վերաբերյալ դասախոսություններ ու քննարկումներ։ Ներկայացվել են նաև քաղաքաշինության ոլորտի թվային հարթակները, լիցենզավորման նոր ընթացակարգը, բնակֆոնդի հիմնախնդիրները և բազմաբնակարան շենքերի կառավարմանն ու պահպանմանն առնչվող կարգավորումները։

Դասընթացը վարողները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին, վերլուծել գործնական օրինակները և լսել ներկաների առաջարկները։






