Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 86-րդ նստաշրջանին
Քաղաքաշինության կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության պետ Էրիկ Հովսեփյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) քաղաքաշինության, բնակարանային տնտեսության և հողային ռեսուրսների կառավարման կոմիտեի 86-րդ նստաշրջանին։

Միջոցառման մասնակից երկրների պատվիրակները ներկայացրել են իրենց պետություններում քաղաքաշինության և բնակարանաշինության բնագավառներում իրականացվող աշխատանքներն ու ոլորտային բարեփոխումների ընթացքը:

Պանելային քննարկման ժամանակ Էրիկ Հովսեփյանը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի ԵՏՀ-ի միջև համագործակցության ուղղությունները, կոմիտեի կողմից քաղաքային պլանավորման, քաղաքաշինության ոլորտներում իրականացվող ծրագրերը։
ՄԱԿ-ի ԵՏՀ-ի, ՄԱԿ-ի Հաբիթաթի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման շրջանակում միջազգային լավագույն փորձի ներդրում, Հայաստանում շենքերի ու շինությունների, բնակելի թաղամասերի վերականգնման ու վերակառուցման, ռենովացիայի ծրագրում փորձագիտական աջակցության տրամադրում և այլն։
Հաշվի առնելով, որ 2024թ. Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հիմնվել է ՄԱԿ-ի ԵՏՀ-ի գերազանցության կենտրոն՝ առաջարկվել է Հայաստանում կազմակերպել համաժողով՝ ներգրավելով այլ պետություններում գործող գերազանցության կենտրոնների ներկայացուցիչներին։
Էրիկ Հովսեփյանը համագործակցության նոր ծրագրեր է քննարկել նստաշրջանին մասնակցող մի քանի պետությունների գործընկերների, ինչպես նաև միջազգային կառույցների ոլորտային ներկայացուցիչների հետ։