Նախարար Սամվել Թադեւոսյանի ելույթը Ճապոնական ցուցահանդեսի բացման առիթով
Նախարար Սամվել Թադեւոսյանի ելույթը «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները» ցուցահանդեսի բացման առիթով
18.07.2012
Հարգելի հյուրեր,
ցուցահանդեսի մասնակիցներ
Ուրախ եմ ողջունելու ձեզ «Ինչպես էին ճապոնացի ճարտարապետները հաղթահարում Ճապոնիայի արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքները» խորագրով ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Այն կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում Ճապոնիայի դեսպանության, Ճապոնական հիմնադրամի աջակցությամբ` հայ-ճապոնական գիտակրթամշակութային «Հիկարի» կենտրոնի եւ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի ջանքերով:
Ճապոնիայում 2011 թվականի մարտի 11–ին տեղի ունեցած մեծ աղետը, որն անվանվել է «Մեծ արեւելաճապոնական երկրաշարժ» եւ դրան հաջորդած ցունամին խլել են հազարավոր մարդկային կյանքեր, ավերել են քաղաքներ, վնասել երկրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող ենթակառույցներ: Ճապոնիան հայտնվեց ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում նաեւ այն պատճառով, որ երկրաշարժին եւ ցունամիին հաջորդեց Ֆուկուսիմա ատոմակայանի վթարը:
Ունենալով նմանատիպ դաժան փորձ, մենք քաջ գիտակցում ենք բնության այդ արհավիրքի ողջ ծանրությունը: Երախտապարտ հայ ժողովուրդը չի մոռացել համաշխարհային հանրության կարեկցանքն ու օգնությունը, այդ թվում` բարեկամ Ճապոնիայի աջակցությունը եւ ջերմ վերաբերմունքը, երբ 1988 թվականին Հայաստանն էր մեծ դժվարությունների միջով անցնում, հաղթահարելով ավերիչ երկրաշարժի հետեւանքները:
Ցուցահանդեսի նպատակն է` ծանոթացնել Ճապոնիայի եւ օտարյեկրյա ճարտարապետների աննախադեպ փորձին` աղետի հետեւանքների վերականգնման գործընթացում:
Կարծում եմ, ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն կառաջացնի ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության լայն խավերի շրջանում:
Վստահ եմ, որ Ճապոնիայի ժողովուրդն այս դժվարությունը կհաղթահարի եւ կկարողանա լիովին վերացնել աղետի հետեւանքները: