Նախարար Նարեկ Սարգսյանի ելույթը Ճարտարապետի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր նիստի բացմանը
Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ և հյուրեր, սիրելի ուսանողներ, այսօր ճարտարապետի միջազգային օրն է և Հայաստանում առաջին անգամ մենք միացել ենք ճարտարապետների միջազգային մեծ բանակին` նշելու և յուրովի հաշվետվություն ներկայացնելու մեր հանրությանը:
Որոշումը` միանալու մասնագիտական այս տոնին, մենք կայացրել ենք նոր կառավարության ձևավորումից հետո: Այս տարի ժամանակը շատ կարճ է եղել կազմակերպչական առումով, վստահ եմ` հետագա տարիներին արդեն, ինչպես շինարարներն են ավանդաբար նշում իրենց օրը, ճարտարապետներն էլ իրենցը կկարողանան կազմակերպել` քաղաքաշինության նախարարության և Ճարտարապետների միության համատեղ ջանքերով` լիարժեք ներկայանալի դարձնելով մեր ոլորտը, ոլորտում զբաղված մարդկանց և առկա բոլոր խնդիրները:
Այս կարճ ընթացքում մենք բնագավառում ծառացած խնդիրների մասով բավական քայլեր ենք ձեռնարկել և նախաձեռնել:
Առաջինը` <<Ճարտարապետական գործունեության մասին օրենքն>> է, որը բավական բարդ ճանապարհ է անցել: Ամիսներ առաջ հայտարարել ենք, որ շատ կարևորում ենք այս օրենքը և արդեն բազմաթիվ քննարկումներ են եղել ՃՄ փորձագիտական խմբի հետ, իսկ առաջիկայում` օրենքը կդրվի քննարկման: Վերջինս միջոցով կկարգավորվի ճարտարապետների որակավորումը մասնագիտական կառույցների միջոցով իրականացնելու հարցը, ինչը ճարտարապետները չափազանց կարևորում են: Այս առումով մենք ակնկալում ենք վարչապետի աջակցությունն այս հարցում: Մյուս կարևոր օրենքը <<Երևանի փոքր կենտրոնի մասին>> օրենքն է, որը ևս ավարտված է: Այն չի վերաբերելու միայն Երևանին, որովհետև օրենքում հատուկ դրույթ կա առ այն, որ կառավարության որոշումով նույն օրենքի դրույթները կարող են կիրառվել նաև այլ քաղաքներում:
Ճարտարապետի մասնագիտության պրոպագանդման, մեր մասնագիտությունը հանրայնացնելու, ճանաչելի դարձնելու համար մենք վերջերս հիմնադրել ենք նաև Մոմիկ ճարտարապետի և Տրդատ ճարտարապետի ոսկե մեդալներ: Այսօր մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկման փուլում է հայ ճարտարապետությունն արտերկրում բացահայտած` Վիեննայի համալսարանի պրոֆեսոր Ստրժիգովսկու անվան մրցանակ սահմանելու խնդիրը:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ` բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, հավաստիացնելով, որ Հայաստանում ճարտարապետական պրոֆեսիոնալ մեծ ներուժ կա: Նաև ուզում եմ ասել, որ ոչ մի ժամանակ ճարտարապետի կյանքը հանգիստ չի եղել, մեր ոլորտը բարդ է, մեր անելիքները` շատ, մեր խաչը շատ ծանր: Յուրաքանչյուր շրջան ունի իր առանձնահատուկ մարտահրավերները, որը նորմալ օրենսդրության, օրենսդրական պաշտպանվածության պարագայում կարող է տալ այն արդյունքը, որն ակնկալում էր Թորոս Թորամանյանն իր հռետորական հարցադրումներից մեկում` <<արդյոք մենք ենք ժառանգորդը միջնադարյան գոհարները ստեղծողների>>: Եվ եթե այո, ապա մենք ինչ պետք է դնենք դրանց կողքին: Ուստի ցանկացած ճարտարապետ ստեղծագործելուց առաջ պետք է առաջնորդվի այդ նշանաբանով` ինչ է ինքը դնում այդ ճարտարապետական գոհարների կողքին: