Հայաստանը և Իրաքը կհամագործակցեն կառուցապատման ոլորտում. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Կառուցապատողների հայկական ասոցիացիան և Իրաքի կապալառուների ֆեդերացիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի չորրորդ նիստի շրջանակում։

Երկու երկրների գործընկեր կառույցների միջև համագործակցության հաստատմանն ու փոխգործակցության ուղիներ նախանշող փաստաթղթի ստորագրմանն աջակցել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Հունիսին կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հանդիպմանը քննարկվել էին քաղաքաշինության ոլորտում Հայաստան-Իրաք համագործակցության հնարավորությունները՝ առաջնային դիտակելով երկու երկրների ոլորտային կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նախապատրաստումը։

Փաստաթուղթն օգոստոսի 26-ին ստորագրել են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և Իրաքի կապալառուների ֆեդերացիայի նախագահ Ալի Ֆախեր Ալ-Սաֆանին։
Նախատեսվում է իրականացնել տարբեր ենթակառուցվածքների կառուցման համատեղ ծրագրեր, կատարել փորձի փոխանակում «խելացի» և «կայուն» շինարարության ոլորտում, մշակել վերապատրաստման ծրագրեր ինժեներատեխնիկական անձնակազմի և կառավարիչների համար, խթանել կառուցապատման ոլորտում համաֆինանսավորման և ներդրումային հնարավորությունները։ Հուշագրով նախատեսված են նաև համատեղ այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն երկու երկրների կառուցապատման և շինարարության ոլորտներում համագործակցության զարգացմանը։
